Հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, տեխնիկապես հագեցած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի արդեն 2-րդ «Թումո տուփը» կգործի սահմանամերձ Բերդ քաղաքում:
Նախապես սահմանված 300 տեղից 220-ն արդեն զբաղված են, Բերդ քաղաքից և տարածաշրջանի սահմանապահ գյուղերից 12-18 տարեկան դեռահասների համար սա նոր հնարավորություն է՝ հմտանալու և մասնագիտանալու ժամանակակից ու պահանջված ոլորտներում:
Մարի Լու Փափազյան, «Թումո» ստեղծարար կենտրոնի տնօրեն - Մեր ամենակարևոր գաղափարը՝ «Թումոն» հասանելի դարձնել բոլորին: Եվ ոչ միայն Երևան, Գյումրի, Վանաձոր և մեծ քաղաքներում: Ինչո՞ւ, որովհետև այս քաղաքներն իրենք պետք է ոտքի կանգնեն, իրենք ուժեղանան, որպեսզի մեր սահմանները կարողանանք պահպանել: Լրիվ նույն ձեռագիրը լինելու է ծրագրավորումից մինչև բոլոր ճյուղավորումները, որոնք մենք տրամադրում ենք երիտասարդներին՝ հնարավորություն տալով նրանց իրենց սիրած ուղղությամբ շարունակել աշխատել: Դա հնարավորություն կտա, որ մեր երիտասարդները Բերդում և ուրիշ քաղաքներում՝ նույնիսկ սահմանամերձ, կարողանան աշխատել, զարգանալ, առաջ գնալ և իրենց երազանքներին հասնել:
Վահեն ու Լիլիան Բերդ քաղաքից են, առաջին գրանցված ուսանողներն են: Ներկա էին բացմանը: Առանց ժամանակ կորցնելու ընտրեցին իրենց դասընթացը և սկսեցին պարապմունքները:
Վահե, «Թումոյի» ուսանող - Այստեղ փորձում եմ երաժշտութուն սարքել, այլ հետաքրքիր բաներ անել: Վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի: Եթե մարդն իր գործը հաճույքով է անում, ուրեմն կստացվի:
Լիլիթ, «Թումոյի» ուսանող - Բոլոր ուղղություններն ինձ շատ հետաքրքրեցին: Շատ հոգեհարազատ ուղղություն է մոդելավորումը, որովհետև մասնագիտական առումով՝ առաջընթացի մեծ շանս կա: Բերդի երեխաները շատ տաղանդավոր են, ֆանտազիայի մեծ թռիչք ունեն ու պետք էր, որ ավելի աչքի ընկնեին, ավելի զարգանային այդ ոլորտներում:
Բացմանը ներկա էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը վստահ է՝ տեխնոլոգիական այս դարաշրջանում գիտելիքը զենք է, ժամանակակից հմտությունները՝ առաջնային:
Հակոբ Արշակյան, ԲՏԱ նախարար - Նախ ուզում եմ շնորհավորել Տավուշի մարզի Բերդ համայնքին այսպիսի հրաշալի կենտրոնի բացման կապակցությամբ: Մենք ապրում ենք տեխնոլոգիական դարաշրջանում, ուր ամեն ինչում կա տեխնոլոգիա՝ գյուղատնտեսությունում, մեքենաշինությունում, ամենուր: Դրանց աճման տեմպը տասնապատկվել և հարյուրապատկվել է 21-րդ դարում և ավելի ու ավելի է կարևորվում տեխնոլոգիաների դերը մարդու կյանքում, բոլոր ոլորտներում: Ուստի պետք է պատրաստ լինենք 21-րդ դարի մարտահրավերներին, ավելին՝ առաջնորդենք այդ մարտահրավերները: Դրա հետ կապված շատ եմ կարևորում «Թումո» կնետրոնի բացումը Բերդ համայնքում և, ընդհանրապես, «Թումո տուփ» ծրագիրը հրաշալի ծրագիր է ենթակառուցվածքային տեսանկյունից, մշակույթի տեսանկյունից, նաև հավելյալ գիտելիք ստանալու և հավելյալ հնարավորությունների տեսանկյունից, երեխաների համար մեծ հնարավորություններ է ստեղծվում: Եվ նաև ուզում եմ քաջալերել, իմ աջակցությունը հայտնել կազմակերպիչներին՝ այս ծրագրի էլ ավելի ծավալուն ընթացքի համար:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշում է՝ ամենակարևորը զարգացման ծրագրերն են, որոնք երկարաժամկետ փոփոխությունների առիթ պիտի դառնան: Վստահ է, որ տավուշցի երեխաներն այստեղ կունենան և կստեղծեն փոփոխություններ բերելու իրենց սեփական ծրագիրը:
Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - Տավուշն ընդհանրապես և Բերդի տարածաշրջանը՝ մասնավորապես, եղել են վերջին շրջանում, օրինակ ինժեներական լաբորատորիաների, ծրագրերի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Առաջիկա փոփոխություններն ուղղված են արդեն գոյություն ունեցող ներուժի զարգացմանը: «Թումոն» իր ինժեներական, տեխնիկական, տեխնոլոգիական նորամուծություններով նաև բերում է որոշակի հետաքրքիր կորպորատիվ մշակույթ՝ սկսած էսթետիկայից՝ վերջացրած այդ ամբողջ համակարգի, այդ ամբողջ ինստիտուտի օգտագործմամբ:
«Թումո տուփը» Տավուշի մարզում առաջինն է, բայց վերջինը չի լինի՝ վստահեցնում են: Դեռ այդպիսի կրթական 6 կենտրոն կստեղծվի ու կգործի մարզի տարբեր համայնքներում՝ հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր երեխաներին: