Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Սոչիում կհանդիպի թուրք պաշտոնակցի հետ: Այն կդառնա 2020 թվականին Լավրով- Չավուշօղլու արդեն հինգերորդ հանդիպումը: Արտգործնախարարները կմասնակցեն Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին։ Հանդիպման առանցքում տարածաշրջանային հրատապ հարցերն են: Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ԼՂ հարցին, մասնավորապես, եռակողմ հայտարարության կատարմանը, մարդասիրական օգնության տրամադրմանն ու կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի աշխատանքի գործնական հարցերին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաղթահարել է 740 մլրդ դոլար արժողությամբ երկրի պաշտպանության բյուջեի վրա նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած վետոն: Փաթեթը նախատեսում էր նաև նոր պատժամիջոցներ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ: Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո էր կիրառել Կոնգրեսի երկու պալատի հավանությանն արժանացած պաշտպանության բյուջեի օրինագծի վրա: Նույն քվեարկությունն անհրաժեշտ է անցկացնել նաև Սենատում, որտեղ, սակայն, մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները:
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը և դրա հետևանքներից վերականգնմանը՝ նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի Ամանորի տեսաուղերձում: Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել է «երջանիկ և խաղաղ Ամանոր»։
Անտոնիու Գուտերեշ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) - Եկեք խաղաղություն կնքենք միմյանց և բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, կանգնեցնենք COVID-19-ի տարածումը և 2021 թվականը դարձնենք վերականգնման տարի, մահացու վիրուսի հետևանքների, քայքայված տնտեսության և հասարակության ապաքինման տարի։ Այդպիսին պետք է լինի 2021 թվականի Ամանորի խոստումը:
Լավատեսական բարեմաղթանքների ու խոստումների ֆոնին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի մուտացիաները դեռ շարունակվելու են։ Կառույցի ներկայացուցիչը վստահեցրել է, որ մուտացիան բնական գործընթաց է, և իրենք շարունակում են ուսումնասիրել տեսակներն ու դրանց փոխանցման տարբերակները: Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին օրեր առաջ հայտնել էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Վիրուսի ևս մեկ շտամ է հայտնաբերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում: