Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 842 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 45923 մարդ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 320 հա տարածք, 122.7 կմ ճանապարհ, 505 բնակելի շենք, այդ թվում՝ սոցիալական նշանակության 15 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 12459 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի բժշկական բրիգադը Հերհեր գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 25 բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 972 բնակչի, այդ թվում՝ 125 երեխայի:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Թեժ գիծը շարունակում է տեղեկություններ հավաքել Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 549 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին: