Պետական եկամուտների կոմիտեն իրականացված օրենսդրական փոփոխությունների շրջանակում շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման համար։
ՀՀ Կառավարության 2020 թ․ հուլիսի 2-ի թիվ N1130-Ն որոշմամբ ներդրվել է մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը: Արդյունքում՝ սահմանվել են արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսվարող սուբյեկտների առանձին գործողությունների հաշվառման որոշակի մեխանիզմներ:
Փոփոխությունը ենթադրում է նաև էլեկտրոնային համակարգով հայտարարատուներին համապատասխան հարցաթերթերի ուղարկման և տեղեկատվության ամփոփման ու հրապարակման կարգավորումներ։
Մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման ժամանակահատվածի հաշվառման համակարգը հնարավորություն կտա համապատասխան վիճակագրության վարման միջոցով ապահովել ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնություններին առնչվող վարչարարության պարզեցումը:
Օրենսդրական երկրորդ կարևոր փոփոխությունը նպատակ ունի մեծացնել ՀՀ տարանցման պոտենցիալը։ Կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 1255-Ն որոշմամբ պարզեցվում են ՀՀ տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակում գործառնությունները։
Մասնավորապես՝ պարզեցված գործառնություններին (մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման չտրամադրում, ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր կիրառելու) առնչվող դրույթները տարածվում են նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա։