Անսպասելի մարտահրավերներով 2020 թվականը Պետական եկամուտների կոմիտեն հաղթահարում է նախանշված ծրագրերի իրագործմամբ՝ տեղեկացնում են գերատեսչության լրատվական բաժնից:
Համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում տնտեսության որոշ ճյուղերի հարկադիր պասիվությունը կարող էր վտանգել հարկային մուտքերի ապահովումը: Այդուհանդերձ, երկրի համար դժվար շրջափուլում ՊԵԿ-ը գլխավոր առաքելությունը լիարժեք կատարում է: 2020 թ. կատարված աշխատանքները ներկայացված են ամփոփիչ տեսանյութով:
Պետական բյուջեի մասին օրենքով և տարվա ընթացքում ՀՀ Կառավարության որոշումներով փոփոխված 2020 թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, ինչն անգամ համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունների և կառավարության կողմից արտոնությունների տրամադրման պայմաններում կանխատեսվում է գերակատարել ավելի քան 55 մլրդ դրամով:
Արդեն 11 ամիսների արդյունքով հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 1 տրիլիոն 244 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է շուրջ 1 տրիլիոն 381 մլրդ դրամի:
«Կորոնավիրուսային իրականությունը» թելադրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Սպասարկման շատ ծառայություններ տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ:
Ճշգրիտ և թիրախային հսկողություն` աննախադեպ ցուցանիշներով: Տարվա ընթացքում իրականացվել է 895 համալիր հարկային ստուգում, արդյունքում արձանագրվել մոտ 88 մլրդ դրամ:
11 ամիսների ընթացքում իրականացված 1400 ստուգման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 700 չգրանցված աշխատող: Ի դեպ, սեպտեմբերին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմել է շուրջ 632 հազար, ինչը բարձր ցուցանիշ է:
ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների բացահայտման առումով տարին ևս հատկանշվել է: 11 ամիսների կտրվածքով իրականացվել է ավելի քան 11 հազար հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման ճշտության ստուգում` նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի: Ընդ որում, օգոստոսին արձանագրվել է կանոնների խախտման` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը` 1049 դեպք:
Հաշվարկներում անճշտությունների, չներկայացված հարկային հաշվարկների վերաբերյալ հարկ վճարողներին ուղարկված ծանուցումների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում բյուջե 11 ամիսների կտրվածքով հայտարարագրվել է շուրջ 12 մլրդ դրամ լրացուցիչ հարկ: