Իշխանությունն ի վիճակի է այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել. այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ընտրություններն իրենցից ենթադրում են տարբեր քաղաքական ուժերի համաձայնություն, իքս օր ֆիքսել ու դա ներկայացնել»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենք կարող են քարոզարշավ իրականացնել ցանկացած վայրում. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած սգո երթի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց մոտեցել, իրենց աջակցությունը հայտնել ու նշել, որ պատրաստ են քաղաքական փոփոխությունների:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց.
«Ես կարծում եմ՝ պարոն Մանուկյանը 1996 թվականի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել: Եվ իր գնահատականները մնացել են 1996 թվականին: Իսկ եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքն է նախապատրաստվում արյունահեղություն կազմակերպել, դա այլ խոսակցություն է: Համարում եմ, որ նման հայտարարություններ անելը ինքնին շատ բացասական երևույթ է: Եթե նույնիսկ ինքդ նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման խոսակցություն ու տրամադրություններ»: