Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծ: Իշխող խմբակցության հեղինակած նախագծին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 4 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց: Ընդդիմադիր երկու խմբակցությունը չմասնակցեց քննարկմանն ու քվեարկությանը:
Մինչև քվեարկությունը որոշման նախագիծը ներկայացնող «Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց՝ մշտական հանձնաժողովի նախագահի թե՛ ընտրության, թե՛ լիազորության դադարեցման գործընթացը գտնվում է բացառապես ԱԺ խմբակցությունների քաղաքական որոշումների տիրույթում: Ապա ներկայացրեց Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հիմքերը՝ ընթերցելով պատգամավորի ֆեյսբուքում արած գրառումները:
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունները նվաստացնում և ոտնահարում են մարդու իրավունքները, ուստի «Իմ քայլից», կարծում են, նման բառապաշարով հանդես եկող մարդը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Իշխող ուժի նախաձեռնությունը քննադատեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Տպավորություն է, որ այս ազգային ժողովը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերկատարությունն այդ գործընթացում՝ ամբիոնից հայտարարեց նա:
Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր - Եվ ձեզ թվում է, թե արցախյան երկրորդ պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պիտի քննարկվեր այստեղ և կարծում եք՝ հարկատուները մեզ դրա համա՞ր են փող տալիս, և կարծում եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հա՞րցը պիտի քննեինք:
«Բարգավաճ Հայաստանը» երկշաբաթյա ժամկետում կարող է առաջադրել նոր թեկնածու: Եթե չի առաջադրում, քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև կուսակցությունների մասին օրենքը: Փաթեթը հեշտացնում է կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը: Արդյունքում՝ հիմնական զեկուցողի գնահատմամբ, կուսակցությունները կդառնան պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ եթե «Կուսակցությունների մասին» գործող օրենքով պահանջվում էր 100 քաղաքացու կողմից կուսակցություն ստեղծելու որոշում, հետո միջանկյալ ժամանակ էր տրվում, որ մինչև 800 անդամ ունենա այդ կուսակցությունը, ապա այժմ առաջարկվում է, որ այդ երկքայլանոց գործընթացը դարձվի մեկքայլանոց, և կուսակցության ստեղծման համար անհրաժեշտ լինի 300 քաղաքացու ստորագրություն։
Խորհրդարանը նաև Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց: Կարեն Առուստամյանին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: