ԱՀ առողջապահության նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանը նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է բուժհիմնարկի շենքային պայմաններին, կադրային և տեխնիկական հագեցվածությանը, դեղորայքային ապահովվածությանը, մատուցվող ծառայություններին և տեսակցել հիվանդներին:
Բուժհիմնարկի տնօրինության և բուժաշխատողների հետ քննարկման արդյունքում նախարարը վեր է հանել կադրային բացերը՝ շրջանի բնակիչների պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար խոստանալով ամենակարճ ժամկետում լրացնել դրանք:
Տեղում լուծվել է Մարտունու հակահամաճարակային կայանի էներգամատակարարման խնդիրը, ավարտին են հասցվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան ներկայացուցչության կողմից Մարտունու շրջբուժմիավորման վնասված պատուհանների վերանորոգման աշխատանքները:
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախին պատուհասած արհավիրքին դիմակայելու գործում Մարտունու շրջբուժմիավորման աշխատակիցների կողմից ցուցաբերած հերոսական աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր բուժաշխատող լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում և պաշտպանության ներքո: