Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ առաջինից երկրորդ ընթերցում կատարված հիմնական փոփոխություններին:
Փոխնախարարը նշեց, որ հիմնական փոփոխությունների շարքում է համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից կուսակցության և կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակների հետ կապված լիազորությունների հստակեցումը՝ այն տրամաբանությամբ, որ համագումարի բացառիկ լիազորություն է սահմանվել հերթական ընտրությունների ընթացքում կուսակցությունների նախընտրական ցուցակի առնվազն առաջին 3 տասնյակ թեկնածուների հաստատումն այնպես, որ կուսակցությունն իր կանոնադրությամբ կարող է նախատեսել ավելի մեծ թիվ հերթական ընտրություններում համագումարին վերապահելու հարցը:
«Մնացած բոլոր՝ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների ժամանակ կուսակցությունների դաշինքների ցուցակի հաստատումը, ինչպես նաև հերթական ընտրությունների ընթացքում կուսակցությունների առաջին 3 տասնյակից ներքև ցուցակի հաստատումը վերապահված է մշտապես գործող ղեկավար մարմնի լիազորությունների շարքին»,- նշեց Գրիգորյանը:
Նաև «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքում է փոփոխություն կատարվել: Մասնավորապես, կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ուսումնասիրելու ընթացքում այս հանձնաժողովի կողմից միատեսակ վարույթ իրականացնելու նորմեր կապահովվեն, նաև որոշակի ժամկետներ են հստակեցվել այդ առումով: