Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն այսօր նախարարությունում տարվա ամփոփիչ հանդիպման ընթացքում ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած, ինչպես նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մարզիկներին ու նրանց մարզիչներին:
Անցնող տարվա ընթացքում, բազմաթիվ սահմանափակումների ու անգամ պատերազմի պայմաններում իրենց նվիրված աշխատանքի համար Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և սամբոյի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը պարգևատրվեցին ԿԳՄՍՆ ոսկե մեդալով: Ալեքսանյանի փոխարեն պարգևն ստացավ նրա հայրն ու մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը:
2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են ընդհանուր առմամբ 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունի 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Պաշտոնական հատվածից հետո նախարարն ու մարզաշխարհի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են մարզիկներին ու մարզիչներին։ Մասնավորապես, ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը բարձրացրեց տարատեսակ մարզական բժշկական պարագաների՝ դեղորայքի, վիտամինների ու բժշկական սպասարկման ապահովման հարցը փակ սահմանների պայմաններում։
Նախարարն արձագանքեց, որ հարցն անպայման կփորձեն լուծել առողջապահության նախարարության հետ համատեղ։ Բարձրացվեց նաև պետությունից մարզիկներին տրվող պարգևավճարների հարցը։ Վահրամ Դումանյանն այս հարցում ևս վստահեցրեց, որ կգնան մարզիկներին ընդառաջ ու կլուծեն առաջացած բոլոր հարցերը։