Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կառույցը, սրահները, որտեղ իրականացվում է զինվորների բուժման ընթացքը, սարքերը, որոնցով վերջին տարիներին համալրվել է կենտրոնը, քննարկվել են առաջիկա անելիքները և լուծում պահանջող հրատապ խնդիրները:
Ինչպես ներկայացրել է Ա. Մուրադյանը, Զինվորի տունը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Բացի վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից՝ կենտրոնում զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են նաև հոգեբանական աջակցություն, մասնակցում ուսումնական ծրագրերի, լուծվում են նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատակազմին անձնվեր աշխատանքի և մեր օրերում այդ կարևոր գործն իրականացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կյանք անփոխարինելի է բոլորիս համար:
Նախարարը և նախարարի տեղակալը նաև շրջել են հիվանդասենյակներով, ծանոթացել ու զրուցել զինվորների հետ:
«Ես դեռևս չեմ կարողանում քայլել, բայց ամեն առավոտ հավաքում եմ իմ անկողինը, իսկ շատերը քայլում են, բայց ծուլանում են անգամ անկողինը հավաքել. ո՞վ է մեզանից հաշմանդամը»,- զրույցի ընթացքում հումորով ասել է բուժման կուրս անցնող զինվորներից մեկը՝ Հենրին:
Նշենք նաև, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը Հովհաննես Թումանյանի, Ռուսական արվեստի թանգարանների և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանին նվիրել է արժեքավոր գրքեր: