Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն պատասխանել է Իրաքում ԱՄՆ դեսպանության դեմ վերջերս իրականացված հարձակման կապակցությամբ Իրանի դեմ ամերիկյան սպառնալիքներին` ևս մեկ անգամ կրկնելով, որ Իրանը մերժում է նման հարձակումները դիվանագիտական առաքելությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է Tehran Times-ը: Իրանցի խոսնակը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում լարվածություն առաջացնել:
«Ինչպես անցյալ շաբաթ էի նշել, մենք կտրականապես մերժում ենք հարձակումները դիվանագիտական և բնակելի տարածքների վրա: Իրաքում Իրանի դիվանագիտական առաքելությունը մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել: Մենք դատապարտում և մերժում ենք այն, ինչ ասել են Թրամփն ու Պոմպեոն: Մենք հստակ հայտարարել ենք՝ քանի որ մենք չենք լարվածություն հրահրողը, մեր ամբողջ ուժը կօգտագործենք Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար»,- նշել է խոսնակը:
Անցյալ շաբաթ Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը հարձակման էր ենթարկվել: Կանաչ գոտու տարածքում ավելի քան 20 հրթիռ էր ընկել: