Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը:
Դեսպան Վիկտորինը վերստին հաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը։