Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։ Մթության պատճառով փրկարարական աշխատանքները դադարեցվել են։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 09։31-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և յոթ հրշեջ-փրկարար։
Փրկարարներն ավտոմեքենայից (մոտ 250 մ խորությամբ ձորից) դուրս են բերել վարորդի և ուղևորների (Կարապետ Յ․ և Վահե Ղ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: