Ի՞նչ նկատի ուներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ նոյեմբերի 15-ի իր կոչով: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, օրինակ՝ դատական համակարգին երեկ մեղադրեց պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար: ԲԴԽ նախագահը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր արձագանքեց Բաբաջանյանի հայտարարությանը: «Հեղաշրջման փորձին աջակցելը հանցագործություն է, և եթե Բաբաջանյանը վստահ է, որ նման բան կա, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի»: Վարդազարյանը պնդեց, որ դատավորներին ուղղված իր կոչն ապաքաղաքականացմանն էր ուղղված:
Ռուբեն Վարդազարյան (ԲԴԽ նախագահ) - Կոչս ուղղված էր, որպեսզի դատավորները՝ իմ գործընկերները, քաղաքականության մեջ չներառվեն, քաղաքական որոշումներ չկայացնեն, զերծ մնան քաղաքականությունից, մնան ինչպես օրենքն է նախատեսում՝ ապաքաղաքական
Վարդազարյանն ուզում է, որ դատավորները չկատարեն ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ քաղհասարակության, ո՛չ ֆեյսբուքյան պահանջ: ԲԴԽ նախագահը միտում չի տեսնում նաև իր կոչն անելու ժամանակահատվածի հետ: Այդ փուլում քննարկվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորել-չկալանավորելու հարցը: Ռուբեն Վարդազարյանը չհերքեց, որ Արթուր Վանեցյանի հետ ընկերություն են անում:
Ռուբեն Վարդազարյան - Այո՛, պարոն Վանեցյանի հետ մենք ընկերություն ենք արել: Մեր ընկերությունը սկսվել է 94 թվականից, երբ ես դեռ դատավոր չէի, նա էլ ուսանող էր, դեռ ԱԱԾ աշխատակից չէր:
Դատավորներին չքաղաքականացվելու կոչը հենց Վանեցյանի գործի քննության փուլում անելը ԲԴԽ նախագահն այլ հանգամանքով է պայմանավորում:
Ռուբեն Վարդազարյան - Այդ փուլում էին դատարանների մոտ տարբեր հայտարարություններ արվում, փորձում էին ճնշում գործադրել դատարանների վրա:
Արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե դատական համակարգը դարձել է պսևդոէլիտայի մաս, Վարդազարյանը շեշտեց՝ դատավորները հենց էլիտա են:
Ռուբեն Վարդազարյան - Համաձայն չեմ այդ գնահատականին, եթե իրավաբանական համայնքը վերցնենք, ապա դատավորները և դատարանները բուրգի ամենավերևի մասում գտնվողներն են, հետևաբար, իրավաբանական համայնքում իրենք իրենցով արդեն էլիտա են կազմում դատավորներն ու դատարանները:
Իսկ ինչպե՞ս է Վարդազարյանն ընկալել վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությունը, ու արդյոք այսօ՞ր կան նման դատավորներ:
Ռուբեն Վարդազարյան - Պատերի տակ վնգստացող դատավորներ. 1.5 տարի առաջ արձագանքել եմ և ասել եմ՝ այո՛, մենք ունենք դատավորներ, և նրանց անունները գիտենք, բայց չեմ հրապարակելու:
Վարդազարյանը պարզաբանեց վարչապետի միտքը. դրանք «տերեր փնտրող» դատավորներ են՝ ասաց և հույս հայտնեց. «Շատ կուզեմ, որ կոչից գոնե մեկուկես տարի հետո Հայաստանում այդպիսի դատավորների թիվը հավասարվի զրոյի»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «դատարանների հարցը լուծենք, նոր անցնենք ընտրությունների», ԲԴԽ նախագահն արձագանքեց հետևյալ կերպ. ընտրություններն ու դատարաններն իրար հետ ոչ մի կապ չունեն: Հետո ավելացրեց. չէ՛, թող լուծեն դատարանների հարցը: Մարզերում դատարաններ կան, որտեղ դատավորն իր սեղանը ստիպված տեղափոխում է միջանցք, որպեսզի կտուրից չկաթի: