Արցախից տեղահանված՝ Հայաստան տեղափոխված ու այստեղ բնակվող երեխաներին ժպիտներ է պարգևել «Իմ քայլը» հիմնադրամը: Ստեփանակերտում տարածված ապատեղեկությունից հետո, թե երգ ու պար է նախատեսվում, հիմնադրամը որոշեց չեղարկել միջոցառումն Արցախում ու կազմակերպել այն Դիլիջանում:
Երեխաներն շտապում էին «Սանտայի հրաշքների մոլորակ»: Այստեղ նրանց սպասում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ուրախ ծաղրածուն, հսկա պանդան, անակնալներով լի տաղավարները: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի` երեխաների համար նախաձեռնած ամանորյա միջոցառումների շարքը տարեմուտի շեմին եզրափակվում է Տավուշում:
Լիլիթ Գրիգորյան, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող - Սա կրթաժամանցային միջոցառում է, որը նախատեսված է Արցախից տեղափոխված, Հայաստանում բնակվող և Հայաստանի երեխաների համար: Սկզբում նախատեսված էր անցկացնել Ստեփանակերտում, սակայն չեղարկվեց, Հայաստանում բնակվող արցախցիների խնդրանքով տեղափոխվեց Հայաստան, կոնկրետ` Դիլիջան՝ հաշվի առնելով այն, որ Դիլիջանում համեմատաբար ավելի շատ արցախցի երեխաներ են բնակվում: Նպատակը երեխաների համար այս պայմաններում քիչ թե շատ դրական, հաճելի օր, միջավայր պարգևելն է:
Դիլիջանի մարզադպրոցի`տոնական հանդերձով դահլիճում երեխաներին կանչում էին հեքիաթային տնակները: Էյնշտեյնի տնակում փոքրիկ գիտափորձերով, համով տնակում` իրենց ձեռքով ձևավորած թխվածքներով, մեկ այլ տեղ՝ ուրախ շուրջպար բռնելով, կրկեսային ներկայացմանը մասնակցելով, նաև` Ձմեռ պապից նվերերներ ստանալով:
Գևորգ Աղաբալյան. «Էքսպրադաքշըն» կազմակերպության տնօրեն - Հուսով ենք, որ երեխաներին փոքր-ինչ կկարողանանք կտրել այսօրվա իրականությունից՝ ապահովելով հեքիաթային մթնոլորտ:
Ամենագունեղը գույների տնակն էր, երեխաները ներկում, նկարում էին՝ իրենց նկարներին փոխանցելով լավ տրամադրություն:
Ելենա Զաքարյան, Դիլիջանի 5-րդ դպրոցի աշակերտուհի - Ընկերուհիներով եկել ենք ուրախանալու, հիմա նկարում ենք, բայց ինձ թվում է՝ շուտով կգնանք պարելու:
Երեխաների ժպիտը վարակել էր նաև ծնողներին:
Ռուզաննա Հովհաննիսյան, Դիլիջանի բնակիչ - Շնորհակալ ենք կազմակերպիչներին, այս ծանր տարին գոնե երեխաներն ուրախ անցկացնեն, լավ զգան:
Միջոցառումը կտևի 2 օր, վաղն արցախցիների հետ սպասում են նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին: