Արցախում լինելու է սահմանների ճշտում, և դրվելու է հանրապետության կարգավիճակի հարցը` երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Նրա խոսքով՝ ժամանակավոր կորսված տարածքները, մասնավորապես, Ասկերանի և Հադրութի շրջանները, վերադարձվելու են: Պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ այդ նպատակին փորձելու են հասնել քաղաքական ճանապարհով:
Վիտալի Բալասանյանը հայտարարել է՝ բանակը ենթարկվելու է Անվտանգության խորհրդին: Արցախի գործող Սահմանադրությամբ՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է: Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին հայտարարություններ մինչև այս պահը չեն եղել: Վիտալի Բալասանյանը ևս չի հստակեցրել իր նշած փոփոխությունների իրականացման ճանապարհը: Ավելի վաղ էլ՝ դեկտեմբերի 16-ին, ուշագրավ հայտարարություն էր արել Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Արցախի պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ: Ներկայում զորքերը համալրելու խնդիր կա:
Արցախում, ըստ Բալասանյանի, պատրաստվում են զգալի բարձրացնել պայմանագրային հիմունքներով ծառայողների աշխատավարձը: Միաժամանակ, բացի պաշտպանության բանակից, ստեղծվելու են սահմանապահ զորքեր, պայմանագրային պահեստազոր, ուղղակի պահեստազոր և աշխարհազոր:
Ըստ Բալասանյանի՝ իր ղեկավարած կառույցը ձգտելու է ստեղծել ճկուն բանակ, մաքրել, իր խոսքով՝ անարժան հրամանատարներից, որոնք եղել են կառույցում այս պատերազմի ընթացքում: Պետական պաշտոնյաները, անգամ՝ նախագահը, կհրաժարվեն ֆեյսբուքյան էջերից:
Բալասանյանն անդրադարձել է նաև կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Նրա խոսքով՝ ոգելից խմիչքներ չարաշահողներն ու թմրամոլները խիստ կպատժվեն:
Բալասանյանը հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ նշել է, որ Արցախը չի պարտվել պատերազմում, իսկ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է առանց Արցախի իշխանությունների մասնակցության: Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից: Բալասանյանը համոզված է՝ այո՛:
Հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից, անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ հնչեցնելով այլ հարց՝ «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։
«Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ»:
Փաշինյանը հերթական անգամ նշել է՝ պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները՝ մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։