ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեմ կքվեարկի «Կուսակցութունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ նախագիծն իր որոշ հարցերին հստակ լուծում չի նախատեսում:
«Օրենքը պետք է շատ խիստ պահանջներ դնի քաղաքական կուսակցության անվան տակ հանդես եկող և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ՝ Հայաստանի 30 տարվա քաղաքական դաշտն այս հարցի պատասխանը չի գտել»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորը հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոստումը, որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է հիմնավոր կերպով վերջ դնի բիզնեսի և քաղաքականության սերտաճմանը՝ նշելով, որ չի տեսել նախորդ տարիներին այդ հանձնառության իրագործումը:
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ոչ միայն օրենքի մակարդակում, այլև ավանդույթի ուժով այդ ամենն իրագործված տեսնել մեր կյանքում: Եվ միայն դրանից հետո իրապես խոսենք կայացած կուսակցական համակարգի մասին և այդ համակարգով իսկապես որակյալ ընտրություններ և որակյալ խորհրդարան ունենալու հեռանկարների մասին»,- նշեց Բաբաջանյանը: