Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվենսոն Պատրիկին և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանին:
Նախարար Փիլոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության և Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության գործում ներգրավվելու մեծ պատրաստակամության համար:
«Բնակչության պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի ընթացքը համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով գոհացուցիչ չէ, սակայն 2021 թ. ոչ միայն կլրացվի բացը, այլև ակնհայտ դրական արդյունքներ կգրանցվեն»,- ասել է Անդրանիկ Փիլոյանը և վստահեցրել, որ նախարարությունը բաց է ծրագրի շրջանակում ցանկացած ձևաչափով աշխատելու համար:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին՝ երկրի համար դժվարին ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ և կարծիք հայտնել, որ այսօր առավել քան կարևորվում է համագործակցությունը բնակչության համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման և ռիսկերի կառավարման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի նպատակների իրականացման ուղղությունները, դրանցում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները: Հյուրերը վստահեցրել են, որ իրենք ևս պատրաստ են ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ բոլոր քննարկումներին:
Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2020 թ. հոկտեմբերի 1-ին: Այն ԵՄ-ի կողմից իրականացվում է Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա: