Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Մարիան Քլարկ Հաթինգին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը և արտակարգ իրավիճակների ծրագրերի համակարգող Օգվալ Բենսոն Ստենլիին:
Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և իր երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացրած աշխատանքների համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:
Անդրանիկ Փիլոյանն առանձնացրել է իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը, ներկայացրել առաջարկություններ, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, ճգնաժամային իրավիճակում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ճանապարհային քարտեզի ուղեցույցի և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական ներդրումների ակնկալիքով:
Տիկին Մարիան Քլարկ Հաթինգը շնորհավորել է նախարարին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում՝ նախարարության աջակցությունը:
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության շարունակականության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: