Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը դեմ է արտահայտվել օրինագծին, անգամ նախարար Արսեն Թորոսյանը կոչ էր արել պատգամավորներին լիագումար նիստում դեմ քվեարկել այդ առաջարկին, նախագիծն ընդունվեց միաձայն: Կողմ քվեարկեց 86 պատգամավոր:
Գործող կարգավորումներով՝ 2021 թ. հունվարի 1-ից պետք է արգելվեր ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությանը. սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման, վաճառքի համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներն առաջարկում են մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը: Հարցով զեկուցող Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո.
«Նախագծին տրվել էր դրական եզրակացություն, թեև շեշտվել էր, որ կան բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադրություն կար փոքր աշխատանքային խումբ ձևավորելու և աշխատելու ամենատարբեր դրույթների վրա, սակայն, քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ, ցավոք սրտի, այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»:
Երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի ներկայացված օրինագծի ընդունման դեպքում: