ԱԺ արտահերթ նիստում՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:
Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել: Կուսակցությունների հիմնադրման գործընթացը պարզեցվել է: Փոփոխություն է կատարվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն: