Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները սարքավորումներով հագեցած «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զինավարժարաններում սկսել են մարտական պատրաստության պլանային ուսումնավարժանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Կրակային պատրաստության ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգներից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետներից, ինչպես նաև БТР-82А զրահափոխադրիչների սպառազինությունից:
Բացի այդ, ռուս խաղաղապահները վարժանքներ են կատարել՝ մարտական ձեռքի բեկորային նռնակներ նետելով: Զինծառայողները նռնակներ են նետել 25 մ հեռավորության վրա գտնվող թիրախների՝ երեք ֆիգուրների վրա, որոնք տեղակայված են ինչպես լեռան վրա, այնպես էլ լեռան տակ:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, հատուկ-մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմեքենաների վարման համար:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության մեջ ներգրավված են մոտ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: