ԱԺ-ն միաձայն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 89 պատգամավոր:
Նախագծով մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում «1000+» հիմնադրամին վճարվող դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ: 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ:
Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում հարկման բազայի հաշվարկման դեպքում, եթե այն շրջանառության կամ միկրոձեռնարկատիրության դաշտում է գործում, հիմք է ընդունվում իրացման շրջանառությունները համապատասխան հաշվարկում նշված: Եթե տնտեսվարողը ընդհանուր հարկման դաշտում է գործում, ապա շահութահարկի հաշվարկում հիմք է ընդունվում համախառն եկամուտը: Դրույքաչափերի առումով 1 միլիոն 200 հազար դրամի շրջանառության դեպքում սահմանվել է 18000 դրամ, և նույն սկզբունքով սանդղակը բարձրանում է:
Գործող կարգավորումների համաձայն՝ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է սպասեին վեց ամիս, ապա նոր հատուցման հիմնադրամին ներկայացնեին համապատասխան դիմում: Այժմ նախագծով այդ վեց ամիսը կրճատվում է, և քանի որ օրենքն ունի հետադարձ ուժ, տարածվում է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Նախագծով կարգավորվում է նաև կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովումը: Գործող կարգավորումների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը, պարտադիր զինվորական ծառայողը կամ էլ պահեստազորայինը իրավունք ունեն հատուցման հիմնադրամից հատուցում ստանալու:
«Վերջին պատերազմի ընթացքում դեպքեր են եղել, որ կամավորականները ներգրավվել են, և հաշվառումը բացակայել է: Ներդրում ենք այնպիսի մեխանիւզմ, որ անձը նշված դեպքերում կարող է դիմել Կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին, ձեռք բերել ՊՆ-ի կողմից տրված տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին ու ստանալ հատուցումը»,- նշեց Բադասյանը՝ ընդգծելով, որ այս կարգով որևէ անձ, որը մարտական գործողություններին մասնակցել է, և վերջինիս նկատմամբ հատուցման կարգը կիրառելի է, չզրկվի հատուցում ստանալու իրավունքից: