Երբ հնչում է Իզաբել Ֆաուստի «Քնած գեղեցկուհին»՝ 1704թ. Ստրադիվարիուսի ջութակը, բացի հրաշալի երաժշտական տաղանդից, բարեկամության լիցքեր են գալիս դեպի դահլիճ: Եվրոպայի ամենահայտնի ջութակահարներից մեկն այսօր Խաչատրյան համերգասրահում նվագում է համավարակի դեմ և պատերազմում մասնագիտական սխրանք ցուցաբերած հայ բժիշկների համար: 2015-ին Ֆաուստը միացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համերգաշարին՝ փաստելով, որ երբևէ չի կարող հասկանալ ցեղասպանության հանցանքը, հիմա նույնը հավելում է նաև 44-օրյա պատերազմի մասին:
Իզաբել Ֆաուստ, ջութակահար - Այն, ինչ պատահեց, սարսափելի էր: Մենք ցավով հետևում էինք պատերազմի ընթացքին, և իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար: Հայաստանը հրաշալի երկիր է՝ երաժշտական տաղանդով հարուստ մարդկանցով ու գեղեցիկ ավանդույթներով:
Իզաբել Ֆաուստի և Ալեքսանդր Մելնիկովի համերգով ավարտվում է «Երևանյան հեռանկարներ» 21-րդ երաժշտական փառատոնի այս տարվա համերգաշրջանը: Չնայած բոլոր դժվարություններին, փառատոնի բարեկամները պատերազմական ամենադժվար օրերին Հայաստանի կողքին էին:
Իզաբել Ֆաուստ-Ալեքսանդր Մելնիկով դուետն աշխարհում ամենապահանջվածներից մեկն է, երաժիշտները հանդես են գալիս Բեռլին ֆիլհարմոնիկի և Կոնցերտգեբաուի հետ, իսկ Երևանում ներկայացվող ծրագիրը նոմինացվել է Գրեմմի մրցանակի և արդեն արժանացել է Գրամաֆոն և BBC երաժշտական մրցանակներին: Ալեքսանդր Մելնիկովը, ով հայազգի կոմպոզիտոր Չեմբերջիի թոռն է, իր հայկական արմատների փնտրտուքի մեջ զգացմունքային նորանոր շերտեր է բացահայտում:
Ալեքսանդր Մելնիկով, դաշնակահար - Երբ մի քանի տարի առաջ առաջին անգամ եկա Հայաստան, դա ինձ համար էմոցիոնալ մեծ փորձ էր, քանի որ թեև ինձ իրավունք չեմ վերապահում հայ կոչվել, բայց, այդուհանդերձ, Հայաստանի հանդեպ այդ զարմանալի զգացմունքային թրթիռները կան:
Երկու փայլուն երաժիշտների համերգով ավարտելով համերգաշրջանը՝ փառատոնը մեծ երաժիշտների երևանյան համերգների մի ամբողջ շարք տեղափոխել է հաջորդ համերգաշրջան: Հաջորդ տարի ևս փառատոնը շարունակելու է իր երաժշտական դիվանագիտությունը՝ փաստելով, որ հզոր ու լավատեսական արվեստը վերածնման մեծ ուժ ունի: