Րոպեներ առաջ խորհրդարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը:
Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:
«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնեն, և նախապատրաստենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի են նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության փոփոխությունների հարցը, ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:
Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք: Այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր»:
Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամը շարունակվում է:
Մարուքյանը նաև նշեց, որ այս խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ այդ գործընթացում չկան իրենք և ԲՀԿ-ն:
«Առանց մեզ՝ առանց «Լուսավոր Հայաստանի», առանց «Բարգավաճ Հայաստանի», այս խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի: Հետևաբար այդ համաձայնությունը չկա, և խորհրդարանը չի ցրվի: Խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ մենք և «Բարգավաճ Հայաստանը» դեմ ենք դրան»,- ասաց նա: