Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է:
«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրել է, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ:
Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,- շեշտեց Խաչատուրյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա: