ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ նախագծի ընդհանուր տրամաբանությունն է կուսակցությունների հիմնադրման գործընթացն ազատականացնել, նվազեցնել լրացուցիչ խոչընդոտները: Առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո կատարված փոփոխություններին անդրադառնալով՝ Դանիելյանն ասաց, որ կուսակցությունների հիմնադրման երկու քայլ ենթադրող գործընթացը պարզեցվել է:
Պատգամավորը նշեց՝ եթե գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կուսակցություն հիմնադրել կարող են համագումարի ընթացքում առնվազն 100 ՀՀ քաղաքացի, և հետո ժամանակ է տրվում քաղաքացիների օրենքով սահմանված թիվը լրացնել մինչև 800-ը, ապա այժմ կուսակցության համագումարում օրենքը նվազագույն թիվ է սահմանում 300-ը, և դա արդեն բավարար է, որ կուսակցությանը կարողանա դիմել գրանցման համար:
Փոփոխություն է արվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Դանիելյանը ներկայացրեց, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:
«Մնացյալ 40 տոկոսը, որը նպատակային ֆինանսավորում է, բաշխվելու է երեք տողերի միջև: 20 տոկոսը բաշխվելու է՝ հաշվի առնելով կուսակցության գործադիր մարմնում սեռերի ներկայացվածությունը: Այն պարագայում, եթե նվազ ներկայացված է և 20 տոկոսից պակաս է կազմում, ապա այս ֆինանսավորումը չի ստացվի: 20-40 միջակայք ունեցող կուսակցության դեպքում դա կլինի ընդհանուր գումարի 10 տոկոսը կամ նպատակային ֆինանսավորման կեսը: 40 և ավելի տոկոս ներկայացված գործադիր մարմին ունեցող կուսակցությունները կստանան ամբողջ ծավալը, իսկ երկու մնացյալ տողերը 10-ական տոկոսով տրամադրվելու են այն կուսակցություններին, որոնք ունեն տարածքային որոշակի ներկայացվածություն առնվազն մարզերի կեսում: Արդեն մնացյալ 10 տոկոսը ծառայելու է կուսակցության գաղափարախոսությանը, հետազոտությունների իրականացմանը, հրապարակմանը»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ փոփոխություններ են արվել նաև վարչական ու քրեական սանկցաների առումով ևս: