ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին՝ նշելով, որ ժամանակն է, որ քաղաքական այն ուժերը, որոնք իրենց որևէ կերպ չեն տեսնում գործող իշխանության ու հրապարակում հանդես եկող 16 կուսակցությունների շարքերում, արագ համախմբվեն, քանի որ, իր կարծիքով, իրավիճակը կայունացնելու հիմնական հնարավորությունն այդ ուժերին է վերապահված:
«Սա այլևս հնարավոր չէ հանդուրժել, քանի որ տեսնում ենք, որ այդ ուժերի, այդ ոհմակի առաջնորդն այսօր արդեն նոր էպիտետներ է դնում շրջանառության մեջ, և դա ակնհայտորեն այլևս խոսում է հոգեխանգարմունքի մեջ գտնվող քաղաքական գործչի, քաղաքական առաջնորդի մասին, իսկ սա ավելի ու ավելի վտանգներ է ենթադրում:
ՀՀ քաղաքացուն իշխանության ձևավորվման ողջ գործընթացից դուրս դնող այս քաղաքական ուժերի պահանջն է, որ այս խորհրդարանը հակահեղափոխական ռևանշիստին ընտրի որպես երկրի վարչապետ: Դա, ըստ իս, հղի է նոր քաղաքացիական պատերազմով և արյունահեղությամբ: Հայաստանի քաղաքացին այս խորհրդարանի միջոցով ձեզ իշխանություն տալու մանդատով չի օժտել, այս խորհրդարանում գտնվող որևէ ուժի, որևէ առանձին պատգամավորի այդպիսի իրավունք չի տվել»,- հայտարարեց Բաբաջանյանը:
Ըստ պատգամավորի՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հանձնառությունը հետպատերազմյան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհին նվազագույն համահայկական կարևորության սպասված քայլ է: Դրանք կարող են դառնալ մեր պետության կայունացման և հետագա զարգացման գրավականը:
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է նախանշված քաղաքական բոլոր քննարկումներին և արտահերթ ընտրություններին՝ հայտարարեց Բաբաջանյանը: