Խորհրդարանի մուտքի մոտ պատգամավորներին վաղ առավոտյան դիմավորեցին բողոքի ակցիայի դուրս եկած մի խումբ քաղաքացիներ՝ խոչընդոտելով նրանց մուտքը շենք: Ակցիայի մասնակիցները օրենսդիրներից պահանջում էին անվստահություն հայտնել վարչապետին: Ցուցարարները, փակելով մեքենաների ճանապարհը, ձվերով հարվածում էին պատգամավորներին: Բացառություն չէր նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ինչն էլ դարձավ ծեծկռտուքի պատճառ:
Խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցածին ԱԺ-ում արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ ցուցարարների արարքները բնորոշելով սադրանք:
Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Եվս մեկ հարձակում ժողովրդավարության դեմ, որովհետև հարձակվել են մի շարք պատգամավորների վրա, մասնավորապես՝ Սիսակ Գաբրիելյանի: Եթե բան ունեք ասելու, եկեք ԱԺ, հարգելի խորհրդարանական գործընկերներ, օգտագործեք այս ամբիոնը:
Հայկ Սարգսյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ես դիմում եմ Երևանի ոստիկանության վարչության պետին, խնդրում, հորդորում եմ, որ արագ վերականգնեն հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների:
Խորհրդարանում Սիսակ Գաբրիելյանն իր նկատմամբ կատարվածը որակեց որպես հանցագործություն՝ խուլիգանություն, հույս հայտնելով, որ այն իրավապահների կողմից կստանա համարժեք արձագանք:
Սիսակ Գաբրիելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ - Կարծում եմ՝ շատերդ տեսել եք, որ խուլիգանական ինչ-որ ոհմակ, մոտ 10-15 հոգով, հարձակվում էր ինձ վրա: Ես ուզում եմ ասել՝ ձեզ նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն կարող ունենալ: Ես ձեզ հորդորում եմ՝ հեռու մնացեք: Եթե ուզում եք խոսել, ես խոսել գիտեմ, կարող եմ ձեզ հետ խոսել: Նույն առաջարկն արել եմ առավոտյան՝ իմ ավտոմեքնայի ճանապարհը փակած անձանց, բայց անօգուտ:
Ոստիկանության արձագանքը չուշացավ: Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել 15 անձ: Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։ Կոլեգայի հանդեպ բռնությունը դատապարտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ չարդարացնելով նաև Գաբրիելյանի պահվածքը:
Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Ես շատ ցավում եմ Սիսակի հանդեպ կիրառված բռնության և կրկնակի ավելի ցավում եմ, որ Սիսակն իրեն թույլ տվեց հարձակվել ժողովրդի վրա՝ ամենավերջին ձևակերպումներով։ Ես ցավում եմ քեզ համար, Սիսակ։ Դու այն եզակի մարդկանցից մեկն ես այդ խմբակցությունում, որ ես իսկապես ափսոսում եմ, որ դու տրանսֆորմացվեցիր՝ նմանվելով և դառնալով նրանցից մեկը:
Ծեծկռտուքի մեջ հայտնված իմքայլական պատգամավորն ասում է՝ տեսանյութում երևում են միայն իր՝ ավտոմեքենայից իջնելուց հետո տեղի ունեցող իրադարձությունները, և վստահեցնում, որ դրան նախորդել է զրույց քաղաքացիների հետ, ինքն ասել է, որ կիջնի մեքենայից, եթե բացեն ճանապարհը, սակայն նրանք ծաղրական և հեգնական արտահայտություններ են արել իր հասցեին, հարվածներ են հասցրել մեքենային, ինչից հետո դուրս է եկել մեքենայից: Գաբրիելյանը պարզաբանում է, թե ինչու է հարվածել քաղաքացուն, որն ընկել է:
Սիսակ Գաբրիելյան - Քաղաքացին իմ կոստյումից է քաշել, հայհոյել: Ես մենակ եմ եղել, իրենք՝ մոտ 15 հոգի: Իսկ մենք հիշում ենք, թե նոյեմբերի 9-ի գիշերը հենց նույն տեղում ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ, ես ուղղակի ինքնապաշտպանվել եմ: Վստահեցնում եմ, որ մինչև ինձ հայհոյելն ու քաշքշելը ես որևէ մեկին չեմ վիրավորել:
Բոլոր կողմերին բռնությունը բացառելու, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը դադարեցնելու կոչեր հնչեցրեց նաև մարդու իրավունքների պաշտպանը:
Հանցագործության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Տվյալ դեպքում, ըստ ոստիկանության, առկա է խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելու դիտավորություն, հասարակական կարգի կոպիտ խախտում և պատգամավորների հանդեպ անհարգալից վերաբերմունք: