Անհնազանդության ակցիայից հետո ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն հայտարարել է, որ մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, քաղաքը միշտ այս վիճակում է լինելու՝ ակցիաներն ամեն օր են լինելու: Վազգեն Մանուկյանը նաև արձագանքել է արտահերթ ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Վազգեն Մանուկյան (ՀՀ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու) - Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ և առաջ, ինքը պետք ա հեռանա, պետք ա ձևավորվի կառավարություն, որը մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է: Կամ ընտրությունը վերածվելու ա, Աստված գիտի՝ ինչի, ամեն քվեատուփի մոտ արյուն ա թափվելու, դա՞ է ուզում:
Վազգեն Մանուկյանի այս հայտարարությունից հետո Ազգային ժողովում պատգամավորներն արձագանքեցին վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածուին: Արման Բաբաջանյանն ասաց՝ Վազգեն Մանուկյանի՝ իշխանության գալն է հղի արյունահեղությամբ:
Արման Բաբաջանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր) - 2021 թվականի ընտրությունները նվազագույն անհրաժեշտ քայլ է: Արտահերթ ընտրությունները միահամուռ ջանքերի ներդրման դեպքում կարող են դառնալ մեր պետության կայունացման և հետագա զարգացման գրավականը:
«Ո՞վ պետք է արյունահեղություն անի, ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը»,- հարցնում է Արման Եղոյանը: Վազգեն Մանուկյանի հայտարարությունը «Իմ քայլի» պատգամավորը որակեց «վտանգավոր»:
Արման Եղոյան - Սա բացահայտ սադրանք է ՀՀ կայունության, ներքին կայունության դեմ, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ սա 1996 թվականը չի, երբ արյունահեղություն էր լինում ԱԺ-ում, սա 2008 թվականի Ազատության հրապարակը չի, երբ էլի արյունահեղություն եղավ, սա նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ը չի, որ էլի արյունահեղություն լինի կառավարական առանձնատներում:
Պատգամավորը ժողովրդին կոչ արեց չտրվել սադրանքների, պահպանել հանդարտություն, իսկ քաղաքական ուժերին և հատկապես խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց գալ կառուցողական դաշտ, քննարկել երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիները: