ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում պատմել է այսօր մի խումբ քաղաքացիների և իր միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ տեսանյութում երևում է միայն իր՝ ավտոմեքենայից իջնելուց հետո տեղի կատարվող իրադարձությունները:
Պատգամավորը հայտնեց, որ դրան նախորդել է զրույց քաղաքացիների հետ, ինքն ասել է, որ կիջնի մեքենայից, եթե բացեն ճանապարհը, սակայն նրանք ծաղրական և հեգնական արտահայտություններ են արել իր հասցեին, հարվածներ են հասցրել մեքենային, ինչից հետո դուրս է եկել մեքենայից:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, թե ինչու է հարվածել քաղաքացուն, որն ընկել է: Նրա խոսքով՝ քաղաքացին իր կոստյումից է քաշել, հայհոյել, ինչին ինքը պատասխանել է:
«Ես մենակ եմ եղել, իրենք՝ մոտ 15 հոգի: Իսկ մենք հիշում ենք, թե նոյեմբերի 9-ի գիշերը հենց նույն տեղում ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ, ես ուղղակի ինքնապաշտպանվել եմ: Վստահեցնում եմ, որ մինչև ինձ հայհոյելն ու քաշքշելը ես որևէ մեկին չեմ վիրավորել»,- ընդգծեց պատգամավորը: