ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, թե «արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ»:
Պատգամավորի խոսքով՝ սա բացահայտ սադրանք է ՀՀ-ի ներքին կայունության դեմ:
«Ուզում եմ հիշեցնել, որ սա 1996 թվականը չէ, երբ արյունահեղություն էր լինում Ազգային ժողովում՝ մի քանի սենյակ այն կողմ: Սա 2008 թվականի Ազատության հրապարակը չէ, երբ էլի արյունահեղություն եղավ նախ՝ հրապարակում, հետո՝ Մյասնիկյան արձանի մոտ: Սա նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ը չէ, որ էլի արյունահեղություն լինի կառավարական առանձնատներում, մահափորձ ԱԺ նախագահի դեմ»,- ասաց Եղոյանը:
Պատգամավորը կոչ արեց ժողովրդին չտրվել նման սադրանքների, պահպանել ներքին հանդարտությունը, իսկ քաղաքական ուժերին կոչ արեց գալ կառուցողական դաշտ, քննարկել երկիրն այս վիճակից հանելու ուղիները: Շեշտեց՝ այլ ճանապարհ Հայաստանում իշխանություն և վարչապետ ընտրելու, քան ընտրություններն են՝ հերթական, թե արտահերթ, չկա և չի կարող լինել: