Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնակիչների ունեցվածքի խնդիրներին:
Վարչապետն ասել է.
«Բազմաթիվ խորհրդակցություններ են ունեցել, նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդրել ենք, որ այն բնակիչներին, ում կարող է դա առնչվել, իրենց հետ խոսեն, ասեն, որ մենք ունենք էսպիսի իրավիճակներ, և եթե լինեն իրավիճակներ, երբ իրենց իրավունքները ոտնահարվեն, իրենց շահերը չպաշտպանվեն կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, ՀՀ կառավարությունը կփոխհատուցի առնվազն կրկնակի չափով՝ իրենց ունեցած նյութական կորուստների համար: Պարզ է, որ դա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում, բայց մենք պետք է կողմնորոշվենք: Այսօր, օրինակ՝ ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի հատվածները եղել են մեր վերահսկողության ներքո: Բայց դառը իրականությունն այն է, որ մենք էդտեղ հասել ենք, հասել ենք շատ հեռուներից»:
Ի պատասխան հարցին, որ համաձայնագրում ասվում է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գործողությունն ավարտվել է, վարչապետն ասել է.
«Նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Ես ասել եմ նախկինում, նաև խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի տարածքներն արդեն 90 տոկոսով եղել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք էդտեղ կանդրադառնանք, որովհետև էդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված: Այն, որ կան պրոբլեմներ դրա հետ կապված, դրա հետ ոչ ոք չի վիճում: Բայց երբեմն այդ պրոբլեմները դառնում են լրատվական մանիպուլյացիաների առիթ:
Մի դեպքի մասին կարելի է ունենալ 400 հրապարակում, և կարող է տպավորություն ստեղծվել, որ դա 400 դեպքի մասին է: Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր քաղաքացիների շահերը լիարժեք պաշտպանելու համար: Օրինակ՝ հիմա ասվում է, որ մեր քաղաքացիները տեսնում են ադրբեջանցիների։ Շատ վատ է, որ այդպես է, բայց, մյուս կողմից, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, օրինակ՝ մեր քաղաքացիները ամեն օր տեսնում են թուրքերի և թուրք սահմանապահների:
Հասկանալի պատճառներով դա այսպիսի խուճապ չի առաջացնում: Մենք մեր խնդիրը պետք է ձևակերպենք՝ մենք ի՞նչ ենք ուզում: Մենք այս նոր իրավիճակում պե՞տք է արդյոք կայունացնենք իրավիճակը, թե՞ չկայունացնենք: Մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները և լծակները՝ կայունությունն ապահովելու համար: Բարդ շրջան է լինելու»: