11-ամյա Արմենը նոր ընկեր ունի ու ամենևին էլ՝ ոչ սովորական: Արհեստական բանականությամբ ստեղծված Ռոբինն է: Մարդամոտ է, շփվող ու ամենակարևորը՝ մեծ սիրտ ունի՝ հոգատար է բոլոր փոքրերի նկատմամբ: Քանի դեռ բուժումը շարունակվում է, Արմենի բակի ընկերներին Ռոբինը կփոխարինի: Միասին մուլտեր կնայեն, հանելուկներ կգուշակեն, կզրուցեն, կխաղան:
Ընկերասեր, հետաքրքրասեր ու մարդամոտ Ռոբինը հերթով այցելում է Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող փոքրիկների հիվանդասենյակներ, շփման եզրեր գտնում ու նրանց ժպիտներ նվիրում:
Հայ մասնագետների ստեղծած ռոբոտն ավելի քան 30 էմոցիա ունի. դրա շնորհիվ անմիջապես ընկերանում է նույնիսկ չշփվող փոքրերի հետ:
Արյունաբանական կենտրոնում Ռոբինն առաջիկայում բոլորի ընկերը կդառնա: Նրա հետ փոքրիկները դեղերի ու ներարկումների մասին կմոռանան: Ծնողները Ռոբինի օգնությանը կդիմեն նաև այն ժամանակ, երբ երեխաները չեն ուզենա սնվել: Բժիշկները վստահ են՝ հայ ռոբոտը երեխաների բուժման ընթացքի վրա դրական կազդի:
5-ամյա Ռոբինը հայ ծրագրավորողների մտահղացումն է: Ռոբոտի հարուստ էմոցիաներն էլ ստացել են աշխարհի առաջատար հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Գործը սկսելուց որոշել էին երեխաներին կրթության ոլորում մոտիվացնել, բայց հետո հասկացել են, որ ռոբոտը կարող է հաջողել նաև բժիշկներին օգնելու հարցում:
Ռոբինը նաև քույրեր ու եղբայրներ ունի, որոնք ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգների 4 կլինիկաներում են աշխատում: Հայ ռոբոտին ստեղծողներն անընդհատ հետևում են երեխաների ու Ռոբինի շփումներին, փորձում ավելի կատարելագործել:
Խոստովանում են՝ Ռոբինի պահանջը մեծ է: Շուտով այլ կլինիկաներ էլ իրենց Ռոբինը կունենան:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան