Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման հարցում լուրջ ակնկալիքներ կան ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Մեր երկրի պատվիրակությունը պնդում է, որ այս հեղինակավոր կառույցը խստացնի մոնիթորինգի մեխանիզմը, քանի որ կան ազդակներ, որ Ադրբեջանը ձգտում է խափանել ՄԱԿ-ի մշակութային կառույցի աշխատանքները:
Այնտեղ շատ հարստություն կար, բոլորը մնաց թուրքին... Արցախցի Համազասպ Շանոյանը նկատի ունի Արցախի մշակութային ժառանգությունը, որ ստիպված հակառակորդին թողեցին:
Համազասպ Շանոյան - Ղոչազում կար վանք, մնացել է հակառակորդին՝ նկարներով, Սոնասարում՝ խաչքարերով:
Կրակի դադարեցման համաձայնությունից ժամեր անց Ադրբեջանը պղծեց Շուշիի Սուրբ Ղազանչեչոց եկեղեցին, ապա նաև պայթեցրեց Կանաչ ժամը: Հայկական կողմի պահանջն էր նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ փաստագրելու Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրները:
Աննա Նաղդալյան, ՀՀ ԱԳՆ խոսնակ - Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման նախկին փորձերն Ադրբեջանը խաթարել է: Հիշենք՝ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացումը, հայկական կողմի պահանջով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչն Ադրբեջանը մերժել էր:
Դեռ նոյեմբերին հայտարարված ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների խմբի այցն Արցախ դեռ չի կայացել: ՄԱԿ-ի մշակութային կառույցի քարտուղարությունն անցած շաբաթ հայտարարեց՝ առաքելություն ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը:
Արման Խաչատրյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար - Վերջերս Ադրբեջանի պրոպագանդայի կայքերից մեկը դժգոհություն էր հայտնել, թե ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է հետաքրքրված լինել քրիստոնեական ժառանգությամբ այն դեպքում, երբ մենք այսքան նվիրաբերել ենք: Այսինքն՝ Ադրբեջանը մեղադրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ գումարները հաշվի չեն առնում, շանտաժի է վերածվում:
2004-ից Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային գծով բարի կամքի դեսպան է:
Արման Խաչատրյան - Դա ոչ այնքան ընկալելի է: Նույն բարի կամքի դեսպանի առաքելությունն է առաջնահերթ համագործակցություն, խաղաղություն, մշակութային ժառանգության պահպանություն, բայց նույն Ալիևան ոգեշնչում է՝ մենք ռազմական ճանապարհով լուծեցինք խնդիրը:
Հայտարարություն, որ Արման Խաչատրյանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին չի համապատասխանում: Հայկական հոգևոր, մշակութային արժեքների պահպանության համար հայկական կողմը պնդելու է ուժեղացնել մոնիթորինգային մեխանիզմը: