ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ սահմանների ճշգրտման գործընթացից և Սյունիքի մարզի ճանապարհների գործունեության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյան - Ճանապարհներն աշխատում են այսօր, բայց նույնիսկ այդ կոնտեքստում Հայաստանի Հանրապետության տարածքը մնացել է առձեռնմխելի: Այո՛, այսօր հայ-վրացական սահմանում էլ կան կետեր, որ պարզ չէ՝ հայկակա՞ն տարածք է, թե՞ վրացական: Ի միջի այլոց, ասեմ ձեզ, Ադրբեջանը ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի հետ սահմանային դեմարկացիա և դելիմիտացիա չի արել, բայց սա չի նշանակում, որ բոլորը փոխադարձաբար ամեն ինչը համարում են իրար տարածքներ: Ինչ-որ մի կետ պետք է լինի:
Պետրոս Ղազարյան - Ես հասկացա, որ դա հիմա էլ մենք չեն անում Ադրբեջանի հետ, պարզապես սահմանակետեր են:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև դելիմիտացիա և դեմարկացիա անելու համար պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն, համատեղ հանձնաժողով ձևավորվի, որը նախ քարտեզի վրա աշխատի, ապա արդեն տեղում դեմարկացիա անելով, կետերը կոնկրետ նշելով, բայց խնդիրն այն է, որ Սովետական Միության կամ 20-րդ դարում Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ արել են դեմարկացիա և դելիմիտացիա: Այն ժամանակ արել են, ինչը չի նշանակում, որ ավտոմատ այսպես փոխարինվում է, բայց ինչ-որ մի կետ պետք է հիմք ընդունել: Եվ, ընդ որում, ամենակարևոր հարցը՝ անվտանգության հարցը: Այսօր այն գործողությունների արդյունքում, որ տեղի է ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում, ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն Հայաստանը կմիջամտի, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը: Եվ սա արվել է դրա համար ընդամենը:
Սա չի նշանակում, որ օրինակ՝ չի կարող լինել բանավեճ մի կամ երկու կամ տասներկու տան վերաբերյալ: Այսօր կա այդպիսի բանավեճ, մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ, և այդ բանավեճը տեղի է ունենում: ճանապարհների հետ կապված կա բանավեճ, բայց մենք ուրիշ բան ենք արել, մենք ասել ենք՝ եկեք այսպես անենք, եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը կաշխատի, հետո հընթացս կհասկանանք՝ այս բանավեճը ոնց ենք լուծում:
Ամենատարբեր տարբերակները կան այդ բանավեճի, բայց որ Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Եվ այս գործողություններն արվել են դրա համար: