Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել եմ «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Ողջունելով հյուրերին, դպրոցի անձնակազմին և աշակերտներին այս կարևոր ձեռնարկի առիթով և կարևորելով տեխնոլոգիական կրթությունը հատկապես դպրոցական վաղ տարիքում՝ հորդորել եմ անել հնարավորը, որպեսզի սկսված գործը իր բովանդակային իմաստից չշեղվի, որպեսզի մենք ամենամոտ ապագայում շոշափելի արդյունքներ և հաջողություններ արձանագրենք, որոնք ուղղակիորեն պիտի ազդեն մեր երեխաների կրթական մակարդակի բարձրացմանը:
Իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ աջակցել Կոտայքի մարզում «Արմաթ» լաբորատորիաների կայացմանը:
Մեղրաձորի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է դպրոցի, համայնքի, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցության արդյունքում:
Ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում: Սրանք ծրագրի փուլային առաջնահերթություններն են: Կոտայքի մարզում գործում են 19 լաբորատորիաներ:
Ինժեներական լաբորատորիայի բացման արարողությունից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջել եմ հաստատության տարածքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դիտարկել նաև խնդիրները»,- գրել է Կոտայքի մարզպետը: