Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Առուստամյանը նշեց, որ իր տեսլականն է Հաշվեքննիչ պալատը դարձնել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան անկախ պետական մարմին:
«Հաշվեքննության ստանդարտացման գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով բոլոր մակարդակները: Ստանդարտները հաշվեքննության ողջ գործընթացը կդարձնեն ավելի չափելի և տեսանելի»,- ասաց Առուստամյանը՝ նշելով, որ կարևորում է նաև կատարողականի հաշվեքննությունների և ծրագրային բյուջետավորման միջև անցնող զուգահեռները, դրանց կապն ու հետագա զարգացումները:
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:10-12:30-ը: Գրանցվելուց հետո, նիստին զուգահեռ, տեղի կունենա այդ հարցով քվեարկությունը: Այն անցկացվելու է նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մեկ անգամ արդեն քննարկել էր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունը, սակայն դեկտեմեբրի 10-ի ԱԺ նիստում նա չէր ընտրվել:
Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Կողմ է քվեարկել 79 հոգի, դեմ՝ 3-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Ըստ այդմ, որոշումը համարվել էր չընդունված, քանի որ Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 80 կողմ քվե: