Քովիդի շունչ կտրող համազգեստից դեպի Արցախ՝ շունչ տալու համար: Համավարակի օրերին բժշկականի 22-ամյա ուսանողուհին առաջիններից էր, որ կամավորագրվեց սպիտակ ջոկատայինների բանակում.
Տաթև Խաչատրյան, ԵՊԲՀ ուսանողուհի - Վաղ առավոտյան արթնացել եմ ընկերներիցս մեկի զանգից, պիտի հավաքվեինք մեր տանը, Մարտունի գնայինք: Ասաց, որ չեն գալիս, պատերազմ է: Ասացի՝ դու գնա, վաղը ես էլ կգամ:
Այդ օրվանից ապագա անեսթեզիոլոգը բժիշկների խմբերով Հայաստան-Արցախ կրակների տակ ամեն օր նոր վիրավորների էր հասցնում՝ կյանքեր փրկելու համար:
Տաթև Խաչատրյան - Պատերազմն ինձ ստիպեց հասկանալ, որ Քովիդը «լավագույն վատերից էր»: Քովիդում շատ բան մեզանից է կախված, բայց պատերազմում...
Երբ այնտեղ էի, ինձ թվում էր, որ իմ փոքր ներդրմամբ ինչ-որ բան եմ փոխում, բայց երբ գալիս էի, չէի հարմարվում: Դու գնում ես մի տեղ, որտեղ քաղաքը լքված է, լույսերն անջատված են, մենք էլ լուսարձակներն անջատած էինք պտտվում, որ մեզ չնկատեին:
Բայց թշնամին հաճախ էր նկատում, ու օրեր շարունակ, առանց հանգստանալու վիրավորներին հիվանդանոց հասցնելիս, կյանքը մազից է կախված եղել: Հաճախ ամբողջ ճանապարհին շտապօգնության մեքենայում հատակին են նստել, որ հնարավորինս շատ վիրավորների տեղավորեն:
Տաթև Խաչատրյան - Իրենց մեջ այնքան կյանք կար: Ասում էին՝ որևէ տեղ չի ցավում, չէին բողոքում, որ օրերով սոված են մնացել, որովհետև իրենց դիրք ուտելիք հասցնել չէր ստացվում:
Դարից ավելի ձգված 44-օրյա պատերազմից հիմա մի քանի կադր է մնացել հիշելու, Տաթևը խոստովանում է՝ վերադառնալուց հետո է միայն գիտակցում՝ ինչ փորձ էր:
Տաթև Խաչատրյան - Վերադարձել էինք Երևան, ես և ընկերուհիս ասում էինք, ինչպե՞ս մեզ ոչինչ չեղավ: Տարբեր սարքերի, իրերի մոտով ենք անցել... Տող գյուղում վիրավորների էին բերում, ու ես պատերազմի իսկական պատկերը տեսա, ինչ-որ մենք Ստեփանակերտում էինք տեսնում:
Այստեղ է տեսել պատերազմի խլած առաջին կյանքն ու մի քիչ լռելուց հետո ասում է՝ ամեն ինչ փորձում է ժպիտով հաղթահարել:
Տաթև Խաչատրյան - Կանգնած էի հոսպիտալի բակում՝ ձայներ, ծուխ... Ընտանիքիս ասել էի՝ չեմ գնալու Ստեփանակերտ ու մտածում էի, եթե ինձ մի բան լինի, մայրիկս ու հայրիկս ինչպե՞ս են ինձ ներելու, որ իրենց խաբել եմ: Աչքերս լցրած՝ պտտվում էի, ինձ վերագտնում էի, հետո շարունակում գործս:
Մահից հետո կյանքը շարունակելու հրամանով՝ Դադիվանքում մկրտվող ուխտավորներին էլ է միացել, Քարվաճառի օրհնությամբ վերադարձել:
Տաթև Խաչատրյան - Չի ստացվում պատկերացնել, որ իրենցից շատ-շատերը չեն ապրելու այդ կյանքը: Թող պատերազմներ չլինեն, մենք շատ կաշխատենք, պետությանն էլ կօգնենք: Ավելի լավ է համեստ ապրենք մեր երկրում, քան որևէ երկրում՝ հյուրի կարգավիճակով: Եթե իմ գործն այս պահին սովորելն է ու զուգահեռ աշխատելը հիվանդանոցում, ուրեմն ես պիտի դա անեմ լավ: Ես չեմ գնա այս երկրից, նույնիսկ եթե ինձ մի օր ասեն, որ Հայաստանում ապրելն անհնար է: Այո, հիմա վիճակը շատ վատ է, ու եթե այսպես շարունակվի, շատ ավելի վատ կլինի, բայց Հայաստանի համար բոլորս պիտի աշխատենք:
Անքուն գիշերների վաստակածով էլ, որ Քովիդի օրերին էր աշխատել ուսման վարձը հավաքելու համար, պատերազմի օրերին կեսը ծախսել էր, կեսն ուղարկել համահայկական հիմնադրամ: Հիմա կյանքեր փրկողների ջոկատից կանաչաչյա գեղեցկուհու պայուսակում նաև առաջին օգնության պարագաների համար տեղ կա: Ի՞նչ իմանա, մեկ էլ տեսար էլի՛ ժպիտը դեմքին կարիք լինի սպիտակ խալաթով կռիվ գնալու: