ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ անկասկած, բոլորս պարտականություն ունենք այն քաղաքացիների հանդեպ, որոնք որպես կամավոր կամ զորակոչված մասնակցել են մարտական գործողությունների, ունեցել են որոշակի դժբախտ դեպքեր՝ վիրավորումներից մինչև մահ:
Մանուկյանը նշեց, որ որոշակի առաջարկներ են ներկայացրել: Իր առաջարկն էլ այն է, որ առաջինից երկրորդ ընթերցում ավելացվի 2 միլիոն դրամից բարձր ստացողներին՝ որպես սանդղակի առանձին միավոր:
«Մինչև հեղափոխությունն այդ սեգմենտը հարկվում էր 36 տոկոս եկամտային հարկով, հունվարի մեկից հարկվելու է 21 տոկոս եկամտային հարկով: Եվ այլ հավասար պայմաններում ակնհայտ է, որ համեմատաբար այն խավը, որն ավելի մեծ եկամուտներ ունի, այս մասով ավելի քիչ բեռ կկրի, քան ստորին սեգմենտում աշխատավարձ ստացողները:
Եթե մենք մասնագիտական տեսանկյունից նայենք, բոլորի համար 3000 դրամի տրամաբանությունը հիմնավոր է. երբ պետական տուրք եք վճարում, ձեզ չեն հարցնում՝ ձեր պետական եկամուտն ինչքա՞ն է, դուք բարեկեցիկ խավի ներկայացուցի՞չ եք, թե՞ ոչ, բայց եթե գնում ենք սանդղակավորման, որը մասնագիտական տեսանկյունից սխալ է, բայց եթե որոշում ենք դրան գնալ, ապա առնվազն գոնե 2 միլիոն դրամը, որպես սանդղակի միավոր, պետք է այստեղ առանձնացվի»,- հավելեց պատգամավորը: