ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդարանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իրենց համար այս ժամանակաշրջանում այս հարցին անդրադառնալը անակնկալ է եղել:
Ըստ Նանուշյանի՝ սա այն նախագիծը չէ, որ պետք է հրատապ քննարկվի այս օրերին:
«Այս նախագծով առաջարկվում է ևս մեկ տարի շարունակել ծխախոտի և տաքացվող ծխախոտի անվերահսկելի գովազդը: Որ ծխախոտի տուփերը տեղակայվեն մեր դեռահասների աչքի առջև և գրավեն նրանց ուշադրությունը: Արդյո՞ք մենք ուզում ենք մեկ տարի շարունակել այդ գործընթացները: Երեք կետերից մեկով առաջարկվում է հետաձգել տաքացվող ծխախոտի կարգավորումը: Արդյո՞ք մենք չենք ուզում, որ այն կարգավորվի վերջապես և վրան գրվի, որ այն վնասակար է առողջությանը: Կարծում եմ՝ չպետք է արտոնություն տանք ծխախոտային որևէ արտադրատեսակի»,- նշեց Նանուշյանը:
Ըստ փոխնախարարի՝ երեք կետերից միայն մեկի համար է տնտեսական հիմնավորում բերվում:
«Ծխախոտը շատ թանկ է նստում մեր երկրի վրա: Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4.2 տոկոսին: Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու հետաձգենք նշված երեք դրույթները ևս մեկ տարի, երկրի տնտեսությունը կկորցնի 35 միլիոն դոլար միայն 2021-ի ընթացքում: Եվ այս նախագծի արդյունքում կունենանք 310 մահ»,- նշեց Նանուշյանը՝ խնդրելով պատգամավորներին դեմ քվեարկել նախագծին: