Վազգեն Հովհաննիսյանը հայրենիքի այն նվիրյալներից էր, որ պատերազմի լուրը լսելուն պես շտապել էր Մասիսի երկրապահ կամավորականների գրասենյակ: Նա կարող էր և չգնալ: Չորս անչափահաս երեխա ունենալու փաստն ու հոր հորդորները Վազգենին հետ չպահեցին իր որոշումից:
Մարտին Հովհաննիսյան, Վազգեն Հովհաննիսյանի հայրը - Տեղը չէր գտնում, ասում էր՝ պապ, ես պիտի գնամ: Ասում էի՝ տղա ջան, չորս երեխայիդ ո՞ւր թողնես գնաս:
Սեպտեմբերի 27-ից սկսած մի քանի անգամ Վազգենը դիմել էր երկրապահներին: Մի օր ավտոբուս, մեկ այլ անգամ՝ ավտոբուսում տեղ չի եղել: Ամեն անգամ տուն է դարձել մտքերով: Վերջապես ուզածին հասել է: Սեպտեմբերի 30-ին մեկնել է Քարվաճառ: Որքան էլ պատերազմ չգանալու պատճառները ծանրակշիռ լինեին, միևնույնն է՝ Վազգենը գնալու էր:
Էմմա Հովհաննիսյան, Վազգեն Հովհաննիսյանի կինը - Անգամ երեխայի ծննդյան օրը, մյուս երեխայի քառասունքի օրը, երբ ասում էի՝ Վազգեն, արի դու նկարի, արի դու մասնակցի, ասում էր՝ Էմմա, ի՞նչ ես խոսում, տղերքն այնտեղ զոհվում են, դու ի՞նչ ես խոսում: Երեխայի ծնունդն է, նվեր եմ առել, թող ուրախանա:
Վազգենը չէր թաքնվել նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակ՝ ասում է տիկին էմման: Այն ժամանակ երեխաները երեքն էին, սակայն նորից բռնեց կամավորի ճամփան: Վազգենի ընտանիքին այցի էին եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Տիկին Էմման հպարտությամբ էր պատմում ամուսնու մասին:
Էմմա Հովհաննիսյան - Անտառում իր համար մի հատ ծառ էր քանդակել ասել էր՝ սա իմ ծառն է, նստել վրան նկարվել էր:
Վազգենը գնաց, բայց հայրենիքին թողեց չորս արու զավակ: