ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում
ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին
նպաստող բեղմնավոր գործունեություն:
Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր
դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու
երկրների դատախազությունների միջև ծավալված երկկողմ և բազմակողմ գործակցությունը, միջանձնային
ջերմ և անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջև
համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության
նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի և իր համար
տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների
հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների
իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու
երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր
ուղղություններին և մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ
հարցեր: