ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում անդրադարձավ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
«Ուզում եմ անդրադառնալ նաև իմ ընդդիմադիր գործընկերոջ ասածին՝ հրաժարականի պահանջի վերաբերյալ: Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ: Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ՝ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,- ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոսեց նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի մասին, ասաց՝ այն կարևոր է: Մակունցի խոսքով, քաղաքացիները սպասում են այդ նախագծի հետ կապված շուտափույթ լուծումների:
Նշենք, որ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ կատարված հաշվարկներով արձանագրել են, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու բոլոր հայրենակիցներիի հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար: Ասաց, որ կփոխվեն հավաքագրվող դրոշմանշային վճարների դրույքաչափերը և կորդեգրվի կիսապրոգրեսիվ համակարգ: