Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
Օրակարգում 15 հարց է ընդգրկված:
Կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ կատարված հաշվարկներով արձանագրել են, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու բոլոր հայրենակիցներիի հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար:
Նշեց, որ կփոխվեն հավաքագրվող դրոշմանշային վճարների դրույքաչափերը և կորդեգրվի կիսապրոգրեսիվ համակարգ:
«Համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին: Մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ: 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ սա ֆիզիկական անձանց աշխատավարձին և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկն է:
Անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում հարկման բազայի հաշվարկման դեպքում, եթե շրջանառության կամ միկրոձեռնարկատիրության դաշտում է գործում, ապա հիմք է ընդունվում իրացման շրջանառությունները համապատասխան հաշվարկում նշված: Եթե ընդհանուր հարկման դաշտում է գործում, ապա շահութահարկի հաշվարկում հիմք է ընդունվում համախառն եկամուտը: Դրույքաչափերի առումով 1 միլիոն 200 հազար դրամի շրջանառության դեպքում՝ 18.000 դրամ և նույն սկզբունքով սանդղակը բարձրանում է:
Անհայտ բացակայող ճանաչվելուց հետո, գործող կարգավորումների համաձայն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է սպասեին վեց ամիս, ապա նոր հատուցման հիմնադրամին համապատասխան դիմում ներկայացնեին: Նախագծով այդ վեց ամիսը կրճատվում է և քանի որ օրենքն ունի հետադարձ ուժ, տարածվում է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Նախագծով կարգավորվում է նաև կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովումը: Գործող կարգավորումների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը, պարտադիր զինվորական ծառայողը կամ էլ պահեստազորայինը իրավունք ունեն հատուցման հիմնադրամից հատուցում ստանալու:
«Վերջին պատերազմի ընթացքում դեպքեր են եղել, որ կամավորականները ներգրավվել են, և հաշվառումը բացակայել է: Ներդրում ենք այնպիսի մեխանիւզմ, որ անձը նշված դեպքերում կարող է դիմել կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին, ձեռք բերել ՊՆ-ի կողմից տրված տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին ու ստանալ հատուցումը»,-ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ այս կարգով որևէ անձ, որը մարտական գործողություններին մասնակցել է և վերջինիս նկատմամաբ հատուցման կարգը կիրառելի է, չզրկվի հատուցում ստանալու իրավունքից: