Ստեփանակերտում հիմա երբեմն խցանումներ են լինում, բազմամարդ փողոցները խոսում են արցախցիների վերադարձի մասին: Արագ տեմպով նորոգվում են վնասված տները, աշխատում է հասարակական տրանսպորտը: Արցախի մայրաքաղաքի այս տեսարանը, տարածքային կառավարման նորանշանակ նախարարի խոսքով, իրականության արտաքին պատկերն է:
Արցախ են վերադառնում ոչ միայն հայկական ուժերի հսկողության տակ մնացած բնակավայրերում ապրողները, այլև Հադրութի և Շուշիի շրջանների երբեմնի բնակիչները: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվում են Ստեփանակերտում, բայց Արցախի կառավարությունը հակված է մարդկանց տեղավորել նաև այլ քաղաքներում ու գյուղերում: Պատերազմի հետևանքով Մարտունին ու Ճարտարը դարձել են սահմանապահ:
Ճարտարի՝ 5000-ի հասնող բնակիչների հիմնական եկամտի աղբյուրը եղել են ցանքատարածություններն ու խաղողի այգիները: Այսօր դրանք հիմնականում թշնամու հսկողության տակ են: Սահմանապահ դարձած համայնքներում նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ կան:
Տարածքային զարգացման նորանշանակ նախարարը կարծում է, որ ունեցած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ավելի մեծ արդյունավետություն: Դրան հասնելու լավագույն ու ամենակարճ ճանապարհը, Հայկ Խանումյանի խոսքով, նորագույն տեխնոլոգիաների կիրառումն է բոլոր ոլորտներում:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան