ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի սահմանների ճշգրտման խնդրին:
Պետրոս Ղազարյան - Հայաստանն ինչի՞ հիման վրա է այդ սահմանները ճշգրտում, ի՞նչ հիմքով, ո՞նց ենք որոշում այս գիծն իրենցն է, այս ճանապարհը, այս հատվածը՝ մերը:
Նիկոլ Փաշինյան - Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը ո՞նց ենք ճշգրտում:
Պետրոս Ղազարյան - Շատ բաներ էլ կան, որ ճշգտված էլ չի:
Նիկոլ Փաշինյան - Հիմա էլ շատ բաներ էլ կան, որ ճշգրտված էլ չէ, այո՛, և դրա համար մենք ասում ենք, որ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունենում: Որոշակի սահմանների կետերի ճշգրտում է տեղի ունենում, սահմանային կետերի ճշգրտում: Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որոշակի տարածքում, ճի՞շտ է: Ո՞րն է այդ տարածքը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ստացել է անկախություն:
Դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է և Սյունիքի մարզը, այն Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել, նկատի ունեմ այդ անունով չի եղել, գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ինքն ամբողջությամբ այսօր էլ նույն ձևով անձեռնմխելի գոյություն ունի: Չէ, հիմա ուրիշ խնդիր, շատ լավ, նաև շատ կարևոր փաստարկ է, ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի այդ հատվածները պետք չէ հանձնել: Չհանձնելու համար պետք է ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք է նոր պատերազմ:
Մյուս կողմից՝ մեղադրանքը, որ մենք միջոցներ չենք ձեռնարկում պատերազմը կանխելու համար: Կարելի՞ է պատերազմել այդ հատվածների համար: Այդ հարցին մի պատասխան կա, բայց այդ հատվածները, ցավոք սրտի, այդպես ձևավորվել էր ոչ թե մեր հաջողության, այլ անհաջողության արդյունքում: Մենք այդ կետից տասնյակ և հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, մենք եկել հետ ենք հասել այդտեղ, չէ՞, և հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին:
Այս գործողությամբ, այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել և երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը: Այո՛, հոգեբանորեն բոլորիս համար բարդ է, բայց պետք է կայացնել որոշում՝ անվտանգությունն ապահովելու համար: Եվ ես ասացի, թե ինչպես: Այո՛, կարող էր և կարող է տրանսպորտային, կոմունիկացիաների որոշակի բարդություններ, անհարմարություններ ծագել, բայց դրանք լուծելի հարցեր են և լուծվում են և կլուծվեն, հետագայում այլ լուծումներ նույնպես կգտնվեն: Բայց կարևորն այսօր անվտանգությունը, անվտանգային միջավայրի կայունությունն ապահովելն է: