Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության փաստարկներին, թե երկրում անկայունություն է, պատերազմում պարտվել ենք, և հասարակությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, ի պատասխան՝ նշել է.
«Խոսում ենք պարտության մասին: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում էին դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ՝ պատմում էին մի այսպիսի դրվագ, թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել, և կոնկրետ տալիս են անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները, զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստը ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով:
Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչու է էսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում: Առաջինը՝ որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ, հրաժարվել է զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի:
Ես գնահատական չեմ տալիս, ես ասել եմ, որ չեմ խուսափի պատասխանատվությունից: Մյուս կողմից՝ նույնքան պարտավորված եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: Ամեն անգամ հայտնի են դառնում դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Ընդ որում, ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել: Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է: Այս ամեն ինչը պետք է պարզաբանվի:
Կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ ասելով, որ էս պետք է հավաքենք, մեզ հետ տանենք: Հնչում են կոնկրետ անուններ: Ես չգիտեմ, կարող է՝ սուտ են ասում, զրպարտում են: Էս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Իմ միջի այլոց, այնպիսի մարդիկ կան, ովքեր կապ ունեն նաև ընդդիմության հետ: Ի վերջո, պե՞տք է հասկանանք էս ամեն ինչը, թե՞ չհասկանանք: Ի վերջո, նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ, ի վերջո, կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը»:
Վարչապետը պատասխանել է այն հարցին, թե կա՞ արդյոք մեխանիզմ, որպեսզի օբյեկտիվորեն քննվի այդ հարցը, և այն չդառնա անցած 30 տարվա ընթացքում տարբեր կնճռոտ հարցեր ուսումնասիրող հանձնաժողովների նման, երբ ոչ ոք չէր վստահում նրանց:
«Դա կարևորագույն հարցերից մեկն է, և դրա հետ կապված մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, բայց որ բոլոր այդ հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները, դա կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: