ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ
հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է վերջին գրառման մեջ նշել, որ առաջարկում է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել 2021 թվականին։
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ասել է.
«Արտահերթ խորհրարանական ընտրությունների մասին ես խոսել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից: Ես խոսել եմ հարցադրման ձևով: Հարցադրումը եղել է հետևյալը՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի վերջո, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը: Ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են: Ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտություն հնարավոր չէ ի ցույց դնել, երբ ընդդիմությունը տիրապետում է հսկայական կազմակերպչական, լրատվական, ֆինանսական ռեսուրսների:
Այո՛, ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ: Ես կոնկրետ ժամկետ չեմ առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մյուս կողմից էլ կարող ենք հույս ունենալ, որ ճանապարհային քարտեզի մեջ նշված հարցերի առաջին շերտը կարող է ավելի շուտ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք»: